«Անուշ» պոեմի վերլուծություն

Թումանյանի «Անուշ» պոեմը  դժբախտ սիրո մասին է։ Պոեմի հերոսները՝ Անունշն ու Սարոն,մի հիմար սովորույթներին զոհ են դառնում։ Նրանց սիրուն դեմ էր Անուշի ընտանիքը։  Կոխի ժամանակ Սարոն տեսավ Անուշին և ոգևորվեց Մոսիին գցեց հատակին, որը  վիրավորանք էր Մոսիի համար։ Եվ Մոսին որոշում է վրեժ լուծել, սպանել Սարոյին և թույլ չտալ իր քրոջ հետ հանդիպել։ Սարոն շատ լավ գիտեր, որ չի կարող լինել Անուշի հետ,  և նրանք որոշում են փախչել։ Շուտով նրանք հետ են վերադառնում: Մոսին սպանում է Սարոյին: Իսկ Անուշին չի ընդունում ո՛չ հայրը, և ո՛չ էլ գյուղը: Մոսիի համար ավելի կարևոր էր իր պատիվը և մարդկանց կարծիքը, քան իր քրոջ երջանկությունը։ Անուշը, չդիմանալով այդ ցավին, իրեն նետում է Դեբեդ գետի մեջ:
Պոեմը շատ լավն է, սիրով եմ կարդացել։ Ճիշտ է, ավարտը շատ տխուր է, բայց մտածելու շատ բան է թողնում պոեմը:  Ես մտածում եմ, որ եթե ամեն մեկի կարծիքը հաշվի առնենք, ոչ մեկս էլ երջանիկ չենք ապրի, դրա համար էլ ասում են, որ մարդ պետք է ուշադրություն չդարձնի ուրիշի կարծիքին։ Կարդալով պոեմը՝ կարելի է տեսնել, թե որքան կարևոր է եղել ժողովրդի կարծիքը Մոսիի համար։

Պոեմում բնությունը այնքան հեքիաթային և պատկերավոր է նկարագրում, որ մի պահ ցանկանում ես գտնվել այնտեղ՝ Լոռվա աշխարհում։ Հերոսները կիսում իրենց մտահգությունը, զգացմունքներն ու հույզերը բնության հետ: Անուշը խոսում էր՝ ծաղիկների հետ, իսկ Սարոն սարերի հետ: Դրանք պոեմի անենատպավորիչ հատվածներն են։

Վերլուծություն

Մենք կարդացինք Վիլյամ Սարոյանի «Հրաշալի ձայնասկավառակը» պատմվածքը։ Սկզբում պատմվածքը ինձ դուր չեկավ, քանի որ սկզբից անհասկանալի թվաց, բայց երբ կարդացի մինջև վերջ, կարծիքս փոխեցի։ Պատմվածքը Վիլյամ Սարոյանի կյանքից վերցրած մի դրվագ է։ Երբ Սարոյանը փոքր էր, նա ցրիչ էր աշխատում և նրա աշխատավարձը ընդամենը 15 դրոլար էր։ Իր առաջին աշխատավարձով գնել էր գրամոֆոն և ձայնասկավառակ։ Մայրը սխալ համարեց որդու գնումը, բայց երբ հասկացավ, թե ինչ լավ բան է գրամոֆոնը, ինքը խնդրեց, որ տղան իր ճաշակով մի բան ընտի և ամեն անգամ, երբ տղան ինչ-որ գնում էր կատարում, մայրը անխտիր կանգնում էր տղայի կողքին։ Ինձ շատ դուր եկավ այն հատվածը, երբ ընտանիքի մայրը մի քանի անգամ լսեց նույն երգը, երբ հասկացավ, որ իր որդու գնումը անիմաստ չէ, նույնիսկ խնդրեց նրան, որ նոր ձայնասկավառակ գնի։ Շատ հաճույքով կարդացի պատմվածքը և վստահ եմ, որ նորից ու նորից կկարդամ։

Պատմվածքը

Պետրոս Դուրյան

Դուրյանն ասում է, որ «հայրը օրական հաց ճարող, բայց պատվավոր երկաթագործ մ՚ է»։ Հայրը՝ Աբրահամը, եղել է դարբին։ Քանի դեռ ընտանիքը սակավանդամ էր, հայրը կարողացավ խնայողություններ անել, գնեց երկհարկանի փայտաշեն մի տուն։ Բայց 1850-ական թվականների վերջերից վիճակը փոխվեց։ Եվրոպան Պոլիս էր արտահանում էժան ապրանքներ։ Երկաթագործի պատրաստած իրերը այլևս չէին սպառվում։ Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը ստիպված էր սենյակները վարձով տալ։

Մայրը՝ Արուսյակ դեռ օրիորդ, կորցրել էր քույրերին և եղբայրներին, հետագայում՝ երկու աղջկան 2 տարեկան և 6 տարեկան և երկու տղային։ Պետիկը այսպես էին տնեցիները դիմում Պետրոս Դուրյանին մոր հետ շատ էր կապված, նրանից գրեթե անբաժան էր։

1857 թվականին` 6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։

Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա։ Ճեմարանական Դուրյանի գրական հետաքրքրությունները եղել են բազմակողմանի։ Ճեմարանական տարիներին հեղինակել է տաղեր, թատերախաղեր, կատարել թարգմանություններ։

Սկյուտարի ճեմարանը Դուրյանն ավարտել է 1867 թվականին։

Ճեմարանն ավարտելուց հետո՝ ծնողները նրան տեղավորում են աշխատանքի։ Դուրյանը դառնում է սեղանավոր Մարտիկ աղայի գրագիրը։ Այդ անսովոր պաշտոնում նա ոչ մի եռանդ ցույց չի տվել, առուծախի հաշիվները չեն հետաքրքրել նրան։ Իննամսյա ծառայությունից հետո Դուրյանը թողել է խանութը։ 1868 թվականին փորձել է զբաղվել հասարակական գործունեությամբ։ Գաբրիել քահանա Խանճյանի նորաբաց վարժարանում անվճար հայերեն է դասավանդել բարձր դասարանների աշակերտներին։ Պողոս Դելփյանի հետ Սելամիեում հիմնել է ընթերցասիրաց ընկերություն։ Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր։ Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։

Երիտասարդ Դուրյանը Հակոբ Վարդովյանի «Թատրոն օսմանիեին» առաջարկում է բեմադրել իր «Վարդ և Շուշան» թատերախաղը։ 1869 թվականին Կետիկ Փաշայում առաջին անգամ բեմադրվել է այս ներկայացումը։ Երաժշտության հեղինակը եղել է Տիգրան Չուխաջյանը։ Բեմադրության հաջող ընթացքից հետո, Վարդովյանը և Դուրյանը սկսում են համագործակցել։ Դուրյանը ոչ միայն իր թատերախաղերը գրում էր բացառապես Վարդովյանի թատրոնի համար, այլև հանդես էր գալիս նրա հրապարակային պաշտպանությամբ։ Իր հերթին Վարդովյանը «ջանք ու եռանդ» չէր խնայում դրանք բեմադրելու համար։

Եղիշե Չարենց

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Լոռեցի Սաքոն

I

   Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

   Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․

   Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կըրկնում են գիժ-գիժ․
― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․

   Գիշերը լուսնի երկչոտ շողերը

Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շընչում է, ապրում և մութն և ահեղ։

   Էն տախտի վըրա աղոթում մի վանք։
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,

Նայում է ձորին մի հին խաչարձան։

II

   Էն ձորի միջին ահա մի տընակ։
Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նման՝ նա էլ էս գիշեր
Գընացել է տուն։ Սարերի չոբա՜ն―
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,
Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,
Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձըվածե՞ղ ուտել,

Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―
Ոչխարը թողել՝ գնացել է տուն։
Այնինչ՝ համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քշեց իր հոտը։
Ու Սաքոն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն- մենակ թըթվել։

III

   Թեկուզ և մենակ լինի փարախում,

Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,

Հեռու են փախչում նըրա փարախից։

   Ու իրեն նըման իրեն ընկերներ
Ապրում են սիրով երեխուց ի վեր։
Աստծու գիշերը գալիս են հանդեն,
Փետ են հավաքում, վառում են օդեն,
Շըհուն ու պըկուն խառնում են իրար,
Ածում են, խաղում, խընդում միալար․․․

IV

   Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Սաքոն ու չունի ընկեր։
Բուխարու կողքին լուռ թինկը տըված

Մըտածում է նա․․․ ու մին էլ հանկարծ,
Որտեղից որտեղ, էն ձորի միջին
Միտն եկան տատի զըրույցները հին․․․
Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
Ծուռը ոտներով գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,

Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում․․․
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.

― Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի՛ մեզ մոտ հարսանիք.
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,

Սիրուն ջահել հարսն-աղջիկ։

   Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
Ես քո հոքիրն․․․ ես քո նանն եմ․․․
Ես էլ ազիզ բարեկամ․․․

   Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

   Ու խոլ պատկերներ տըգեղ, այլանդակ,

Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևութք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ըստվերների պես,
Չար ժըպիտներով ժանտ ու սևերես․․․

V

   Սրընթաց պախրա՞, թե գայլ գիշատիչ
Շեշտակի անցավ փարախի մոտով,
Այծյա՞մը հանկարծ մոտակա ժայռից
Անդունդը մի քար գըլորեց ոտով,
Գիշերվան հովից տերև՞ն էր դողում,

Երկչոտ մուկի՞կը վազեց պուճախում,
Թե՞ ոչխարների թույլ մընչոցն էր այն,―
Սաքոյին թըվաց, թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց փարախի վըրա,
Կանգնեց ու լըռեց․․․
      Ականջ դըրավ նա․․․

VI

― Ո՞վ հող թափեց բուխուրակից․
Էն ո՞վ նայեց լիսածակից․․․
Էս ո՞վ կըտրից անցավ թեթև,
Շունչ է քաշում դըռան ետև․․․

― Ո՞վ ես, էհե՜յ․․․ ի՞նչ ես անում.
Ի՞նչ ես լըռել, ձեն չես հանում․․․

Պատասխան չըկա․ լըռության միջում
Ձորագետն է միայն մըրափած վըշշում։
― Հա՜, իմացա, Գեվոն կըլնի․
Իմ շան ահից ո՞վ սիրտ կանի․․․
Վախեցնում է․․․ հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
― Գևո՜՜․․․
          Ձեն – ձուն չկա։

   Միայն ահավոր լըռության միջում

Ձորագետն է խուլ, մըրափած վըշշում։
Եվ ո՞վ կըլինի զարթուն այս ժամին․
Քընած է աշխարհ, քընած է քամին․
Անքուն չարքերը չեն միայն քընած,
Վըխտում են ուրախ՝ ձորերը բըռնած,
Խավարում կազմած դիվական հանդես,
Վազում, վազվըզում ըստվերների պես,
Մինչև որ մենակ մի մարդ կըգըտնեն,
Ճիչով-քրքիջով․․․ փարախը մտնեն․․․
   Աչքերը հանգչող կըրակին հառած՝

Ծանըր է շնչում հովիվն ահառած,
Ու վայրի հոգին լեռնական մարդու
Ալեկոծում է կասկածն ահարկու։
― Չէ՛, քամին էր էն․.. էն գիլի շըվաք․․․
Էն աստղերն էին աչքերի տեղակ,
Որ լիսածակից ներս էին ընկել․․․
Ուզում էր վերև մըտիկ տա մեկ էլ՝
Ու սիրտ չի անում։
Ականջ է դընում․․․
Գալիս են կըրկին թեթև, կամացուկ

Դըռան ետևից փըսփըսում ծածուկ.
― Էստեղ է նա,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․
Տե՛ս-տե՛ս, տե՛ս-տե՛ս․
Նայիր էսպե՜ս,
Մըտիկ արա՜,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
   Սաքոն շարժվեց փըշաքաղած,
Դեպի շեմքը նայեց, դողաց․․․
Շըրը՛խկ․․․ հանկարծ դուռը բացվեց,

Թուրք կանանցով տունը լըցվեց,
Տունը լըցվեց թուրք կանանցով,
Ճիչ-գոռոցով, հըռհըռոցով․․․

VI

   Ահռելի ձոր է։ Մի կըտոր լուսին
Նայում է գաղտուկ, թաքչում ամպերում։
Էն մութ, ահավոր գիշերվա կիսին
Վազում է Սաքոն Լոռու ձորերում։
   Չարքերը ընկած նըրա ետևից,
Հերարձակ խըմբով, ճիչ-աղաղակով՝
Հասնում են մեջքին, բռնում են թևից,

Զարկում են, զարկու՜մ օձի մըտրակով․․․
Քաջքերն էլ այրից զուռնա-դըհոլով
Ճըչում են, կանչում ծանոթ ձայներով.

― Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք,
Տե՜ս՝ ինչ ուրախ պար ենք գալի՝
Սիրո՜ւն, ջահել հարսն-աղջիկ։

   Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
Ես քու հոքիրն․․․ ես քու նանն եմ..․

Ես էլ ազիզ բարեկամ․․․

VII

   Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս, ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի․
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

   Այնինչ Դեբեդից ալքեր են թըռչում,
Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,
Խավարի միջին ծըփում են կայտառ՝
― Բըռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար․․․1889-1902

ՄԱՐՈՆ

I
Մեր գյուղն էն է, ոո հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ.
Ի՛նչ է ուզում՝ չըգիտեմ…
Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր.
Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս:
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի:

II
Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր:
Մեծ անտառից նա զատված,
Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալիս մըշակին:
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին:
Էն առվակում կես օրին,
Երբ որ շոգից նեղանում,
Գընում էինք լողանում:
Տըկլոր, աշխույժ խըմբակով,
Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում:
Կամ հետևում հև ի հև
Թիթեռնիկին ոսկեթև,
Ու միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի…

Մարո՜, անբա՛խտ, վաղամե՛ռ,
Դու մանկության իմ ընկեր,
Ո՛րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՛լ…

III
Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր իննը տարեկան,
Նըրանց տանը երբ մի օր
Եկան երկու եկավոր:
Ու Մարոյի մայրիկը
Երբ որ բերավ, դրավ լիքը
Խոնչեն նըրանց առաջին,
— Շնորհակալ ենք մենք, ասին,
Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի.
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից…
Էն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն ու ասաց.
— Կամքըդ լինի, տեր աստված…
Նըշանեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին:

IV
Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի.
Բոյ-բուսաթին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս.
Բայց զոքանչը անսահման
Սիրում, փարում էր նըրան:
Շատ էր սիրում և Մարոն.
— Լավն է, ասում էր, Կարոն,
Բերում է ինձ ամեն օր
Կանփետ, չամիչ ու խընձոր…

V
Մին էլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով-թըմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը…
Եկավ խաչով տերտերը,
Տարավ ժամում կանգնեցրեց.
— Տե՞ր ես, որդյա՜կ, հարցըրեց:
— Տեր եմ, ասավ մեր Կարոն,
Լուռ կանգնած էր միշտ Մարոն…
Հայրն էլ եկավ ու ծեսին
Էսպես օրհնեց իր փեսին.
— Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի…
Իսկ երբ հնչեց «տարան հա՛» — ն,
Նըրան փեսի տուն տարան:
Պըսակեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին:

VI
Թե գըրբացի չար ջանքով,
Գիր ու կապով, բըժժանքով
Մանուկ սիրտը կըտրեցին,
Կամ թե նըրա հանդերձին
Էն անհոգի չար ջադուն
Քըսեց գիլի ճըրագուն…
Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց իր մարդուն.
Փախավ, եկավ ետ հոր տուն:
Եկավ լացեց նա վըշտոտ,
— Ես չեմ գնալ նըրա մոտ.
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինեմ կին…

VII
Հայրիկն էնժամ բարկացավ,
Ծեծեց նըրան ու ասավ.
— Դուրս իմ տանից, սևերե՜ս,
Ետ չնայես դեպի մեզ,
Ոտ չըդնես էլ տունըս,
Մըրոտեցիր անունս…
Լալով, ծածկած իր դեմքը,
Թողեց Մարոն հոր շեմքը:

VIII
Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,
Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով:
Կուչ էր գալիս խըղճալի
Օջախի շուրջ օտարի
Կամ թափառում մեն-մենակ
Մեր հանդերում շարունակ:

IX
Շատ ամիսներ անց կացան…
Դիմաց սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ,
Թե՝ իմացե՜ք, որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան…
Դուրս թափվեցինք մենք գյուղից,
Հեռու կանգնած, երկյուղից,
Տեսանք՝ ահեղ էն ձորում
Ոնց էր լալիս ու գոռում
Մարոյի հայրն ալևոր,
Մայրը ճըչում սըգավոր:
Շատ լաց եղավ և Կարոն…
Մեռա՛վ, գընաց մեր Մարոն:

X
Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին:
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր:
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ
Մեջը դըրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին:

XI
Շատ եմ տեսել, երբ սըգվոր
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին…
— Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՛ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՛ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՛ն,
Տուն արի՜, տո՛ւն, Մարո ջա՛ն,
Խո՞ր ես քընել, Մարո ջա՛ն,
Չե՜ս զարթնում էլ, Մարո ջա՛ն…
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին.
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայլփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ:

Թումանյանական թեւավոր խոսքեր

Ձախորդ Փանոս– Այսպես են անվանում այն մարդկանց, որոնց մոտ ձախողվում է ամեն գործ եւ մեծ մասամբ՝ իրենց խելքից։ Ձախորդ Փանոսը հայկական ժողովրդական հեքիաթի հերոս է։ Հեքիաթեը մշակել է Հովհաննես Թումանյանը 1914թվ։
Նեսոյի քարաբաղնիս– Հովհաննես Թումանյանի հանրահայտ պատմվածքի վերնագիրն է։ Թումանյանը պատմում է նախասովետական շրջանի հայ գյուղի հետամնաց գյուղացիների մի սովորություն՝ քարաբաղնիսով հիվանդ բուժելու մասին։ Այժմ «Նեսոյի քարաբաղնիս» ասելով հասկանում ենք ոչ ճիշտ ու հակաբժշկական միջոցներով բուժում։
Ո՛չ ամոթ ունի ուժեղը, ոչ՛ վախ– Այս արտահայտութունը Թումանյանի հայտնի հառաչանք պոեմից է, գրվել է 1890թվ։ Այսօր այս արտահայտությունն օգտագործվում է բռնություն կամ անարդարություն բնութագրելիս։
Մի կաթիլ մեղր– Թումանյանի հայտնի լեգենդի վերնագիրն է, որի սյուժեն Թումանյանը վերցրել է Վարդան այգեկցու առակից։ Չնչին բանից մեծ աղմուկ բարձրացնելը ծացրելու համար։
Բալը թանկ է – այս արտահայտությունը օգտագործվում է կատակի ձեւով, երբ ցանկանում են ընդգծել միամտությունը։ Հաճախ ասվում է հեգնանքով այն մարդկանց մասին, որոնք ցանկանում են խորախմանկել բայց անհաջող, եւ ընկնում են ծիծացելի դրության մեջ։ Այս թեւավոր խոսճքն առաջացել է Թումանյանի «Գիքորը» պատմվածքից։
Քաջ Նազար– Հայ ժողովրդական հեքիաթի հերոսն է, որը մշակել է Թումանյանը։ Նազարը հայտնի է իր վախկոտությամբ, բայց հանգամանքների բերումով դառնում է թագավոր։ Քաջ Նազար են անվանում այն մարդկանց, որոնք վախկոտ են, պարծենկոտ, բայց հասնում են բարձ պաշտոնների ոչ թե իրենց ընդունակությունների շնորհիվ, այլ պատահականորեն։ Նման դեպքում ասում են. «Քաջ Նազարի բախտ ունի»։
Մի գդակ է, հո մի քուրք չի- Այս թեւավոր խոսքը վերցված է Թումանյանի հանրահայտ«Շունն ու կատուն» լեգենդից։ Ուստա Փիսոյի խոսքերն են ուղղված Քեռի Քուչիին։
– Աչքիս վրա Քեռի Քուչի,
Մի գտակ է ,հո մի քուրք չի
Օգտագործվում է, երբ ցանկանում ենք նշել, թե ձեռնարկված գործը մեծ ջանքեր չի պահանջում։ հաճխ հեգնանքով ծացրվում է պարծենկոտությունը։

Վահան Տերյան

Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

Վահան Տերյանը

Վահան Տերյանը ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից։ Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, որի թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր։

1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ են ընդունում թե՛ ընթերցողները և թե՛ քննադատները։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։Վահան Տերյանը մանկության տարիներին

1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։

1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին՝ ընդամենը 35 տարեկան հասակում։

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…1908