ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԳՐՈՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Ագրոտուրիզմի գլխավոր զբոսաշրջային ռեսուրսը հանդիսանում է հողը, ընտանի կենդանիները, գյուղատնտեսական ռեսուրսները և գյուղական բնակավայրերը: Ագրոտուրիզմը գյուղական վայրերում ժամանակավոր հանգիստն է գեղագիտական, ճանաչողական և առողջարարական նպատակներով, որի ժամանակ գիշերակացն իրականացվում է գյուղական բնակչությանը պատկանող բնակարաններում, առանձնատներում և օգտվում տվյալ վայրի զբոսաշրջային ռեսուրսներից:
Հայաստանի Հանրապետության ռելիեֆային բարդ ու կլիմայական պայմանները թույլ են տալիս զարգացնելու ագրոտուրիզմը: Նշենք, որ դեռևս 19-րդ դարի կեսերից Հայաստանը հանդիսանում է Կովկասի զբոսաշրջային օջախներից մեկը, որի համար հիմք էր հանդիսանում պատմա-հնագիտական հուշարձանները,
տեսարժան վայրերը, բնության անկրկնելի տեսարանները: Այս առումով ՀՀ մարզերից առանձնանում է Արագածոտնի մարզը: Մարզի տարածքը կազմում է 2756 կմ2 (ՀՀ ընդհանուր տարածքի 9,3%), որտեղ բնակվում է 128,5 հազ. մարդ (ՀՀ բնակչության 4,3%, 01.01.2017թ.): Մարզի բնակավայրերի թիվը 120 է, որից 3 քաղաք և 117 գյուղ: Ագրոտուրիզմի զարգացման համար կարևոր ցուցանիշ է գյուղատնտեսական նշանակության հողերի ցուցանիշները՝ 218.219 հա, որից վարելահողեր՝ 54,100 հա։
Արագածոտնի մարզի ագրոտուրիզմի զարգացման համար առանձնացնում ենք մի շարք գործոններ՝ տնտեսական, էթնիկ, բնաաշխարհագրական, պատմամշակութային: Արագածոտնի մարզն իրենից ներկայացնում է գյուղատնտեսական և լեռնահանքային արդյունաբերության շրջան: Մարզի գյուղատնտեսական մասնագիտացումը ձևավորվել է գերազանցապես բնակլիմայական պայմաններում:
Նրա հարավային կեսում՝ նախալեռնային գոտում, գերակշռում է բուսաբուծությունը, պտղաբուծությունը, ալկոհալային խմիչքների, պահածոների արտադրությունը (Աշտարակ, Օշական, Արտենի, Ոսկեվազ, Կարբի և այլն): Այս գոտին ընդգրկում է Թալինի տարածաշրջանի ցածրադիր հատվածները և Աշտարակի տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ: Գոտուն բնորոշ է նաև ոչ ավանդական բանջարաբուծության
զարգացումը, որը կարող է իր հերթին հետաքրքրություն առաջացնել ագրոզբոսաշրջիկների շրջանում:
Բարձրադիր գոտին ընդգրկում է Ապարանի և Արագածի տարածաշրջաններն ամբողջությամբ և Թալինի տարածաշրջանի մի մասը: Բնորոշվում են անասնաբուծության մասնագիտացմամբ: Ագրոզբոսաշրջային առումով մեծ հետաքրքրություն կարող են առաջացնել գյուղմթերքների արտադրությունը՝ կաթնամթերքի և հատկապես պանրի (Ապարան, Քուչակ, Ծաղկահովիտ և այլն): Ամբողջ մարզի տարածքի համար բնորոշ է մեղվաբուծությունը, որը եկամտաբեր ճյուղ է և շահավետ բոլոր առումներով: Վերջին տարիներին մարզի տնտեսության մեջ ձևավորվել են նոր ճյուղեր, ինչպիսիք են ճագարաբուծությւոնը և ջայլամաբուծությունը։
Արագածոտնի մարզը ՀՀ բնակչության մեջ աչքի է ընկնում ազգային կազմով: Հայերից բացի զգալի թիվ են կազմում եզդիները: ՀՀ-ում բնակվող եզդիների ավելի քան 4/5 –ը ապրում են Արագածոտնի մարզում: Արագածի և Թալինի տարածաշրջաններում են զուտ եզդիաբնակ գյուղերը, որոնց թիվը է 13-է՝ Արևուտ, Դդմասար, Թլիկ, Հակո, Կանչ, Սորիկ, Օթևան, Ռյա Թազա, Ալագյազ, Ջամշլու, Միրաք, Շենկանի, Շամիրամ
(Աշտարակի տարածաշրջան): Էթնիկ փոքրամասնություններն աչքի են ընկնում ոչ միայն գյուղատնտեսական մասնագիտացմամբ, այլ նաև ազգային սովորույթներով (հարսանիք, թաղման արարողություններ) և խոհանոցով, որոնք կարող են խթան հանդիսանալ զբոսաշրջության զարգացման համար։
Արագածոտնի մարզի հայ բնակչության նախնիները գաղթել են 18-րդ դարի վերջերից մինչև 20-րդ դարի սկզբներին Արևմտյան Հայաստանի Սասունի, Մուշի և Ալաշկերտի շրջաններից և մինչև օրս պահպանել են տարածաշրջանի ավանդույթներն ու խոհանոցը, որն արժանավայել ձևով փոխանցվում է սերնդեսերունդ:
Հատկանշական են սասնա պարերը, երգերը, ասույթները, կենցաղային խաղերը և այլն: Արագածոտնի մարզը գտնվում է ծովի մակարդակից 1030-4090 մ բացարձակ բարձրությունների միջև, Ոսկեվազ–Օշական հատվածից մինչև Արագածի լեռնագագաթ: Բնականաբար այստեղ հանդես են գալիս վերընթաց բոլոր գոտիները՝ սկսած կիսաանապատայինից մինչև ձյունամերձը, որտեղ բնության ներքին և արտաքին ուժերն իրենց կնիքն են դրել ռելիեֆագոյացման վրա, ձևավորելով հողերի, բույսերի և կենդանական աշխարհի յուրահատուկ նմուշներ: Մարզի տարածքն աչքի է ընկնում տեղումների տարեկան քանակի մեծ տատանումներով՝ 300-320 մմ (ցածրադիր վայրեր) մինչև 900-1100 մմ (Արագածի գագաթամերձ շրջան): Հունվարին միջին ջերմաստիճանը տատանվում է -50 C մինչև -120C, իսկ հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 24,50C –ից մինչև 50C: Մարզի տարածքում բարձր է արևափայլի տևողությունը (տարեկան 2200-2600 ժամ), իսկ հյուսիսային հատվածը և միջլեռնային գոգավորությունները աչքի են ընկնում մշտապես փչող քամիներով, հատկապես Փամբակի լեռնաշղթայի շրջանը, Ծաղկահովիտ գյուղի մեձակայքը, որտեղ էլ
կառուցվել է մեր հանրապետությունում առաջին հողմային էլեկտրակայանը: Մարզի ջրաբանական ցանցը զարգացած չէ, որը պայմանավորված է լավային ծածկոցների առկայությամբ, որոնցով ներծծվում են թափված տեղումների զգալի մասը: Շատ են ժամանակավոր հոսք ունեցող գետակները, սելավները: Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, հանքային ջրերը (Թթուջուր): Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ 89 կմ Գեղարոտ և Ամբերդ վտակներով: Սրանց աշխատանքի շնորհիվ հունի առանձին հատվածներում ձևավորվել են բնության անձեռակերտ հուշարձաններ՝ կիրճեր (Արքաշենի, Ամբերդի, Քասաղի, Սաղմոսավանքից մինչև Աշտարակ): Հունի առանձին հատվածներ աչքի են
ընկնում փոքրիկ ջրվեժներով: Քասաղի վրա կառուցված Ապարանի (91մլն/մ3) և Հալավարի ջրամբարները կարող են օժանդակել ագրոզբոսաշրջությանը տարբեր առումներով (հանգիստ, լողափ, ձկնորսություն, ջրային սպորտաձևեր): Զբոսաշրջային կարևոր դեր ունեն Արագածի գագաթների միջև գտնվող սարավանդի լճերը: Մարզը հարուստ է խմելու բարձրորակ ջրի պաշարներով: Մարզի բուսական և կենդանական
աշխարհը հիմնականում լեռնային տափաստանային և մարգագետիններին բնորոշ տեսակներն են: Հանդիպում են՝ բուրավետ օշինդր, բարձր լեռնային երիցուկ, օշեյի ջուխտակ, գայլաթաթ և այլն, որոնք գրանցված են Կարմիր գրքում: Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ (Բյուրականի մոտ), փշատերևների (Ապարանից հյուսիս, Արագածի լանջերին) անտառակներ։
Բնական էկոհամակարգերը պահպանելու համար մարզի տարածքում ստեղծվել է Արագածի ալպյան արգելավայրը: Արգելավայրը գտնվում է 3000 մ և ավել բարձրության վրա և զբաղեցնում է 300հա տարածք, իր մեջ ներառելով Քարի լիճը: Լճի շրջակայքի բուսականությունը մարգագետնային է, որն էլ պահպանության հիմնական օբյեկտն է: Կարճատև ամռան ընթացքում մարգագետինները վերածվում են գունագեղ
ալպյան գորգերի: Արգելավայրի գեղատեսիլ տեսարանները էկո և լեռնային զբոսաշրջության անգնահատելի վայրեր են, իսկ ստորոտներին տեղադրված գյուղական բնակավայրերի համար՝ ագրոտուրիզմին խթանող օջախներ:
Արգելավայրի և մարզի այլ տարածքների լեռնային հատվածներում տարածված են քարային ծովերը, քարակառկառները <<չինգիլները>>, որոնք նույնպես հետաքրքրություն են առաջացնում ագրոզբոսաշրջիկների շրջանում: Ագրոզբոսաշրջության զարգացման կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում մարզի տարածքով մեկ սփռված տարբեր ժամանակների պատմամշակութային հուշարձանները: Դրանք համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեն Աշտարակի տարածքում: Զբոսաշրջային առումով չափազանց ուշագրավ է Ամբերդի ամրոցը, որը քարեդարյա բնակավայր է, որտեղ բրոնզե դարում կառուցվել է ՝ Ուրարտական բերդաքաղաք: Ամբերդի դղյակը կառուցվել է 7-րդ դարում Կամսարականների կողմից ու եղել է նրանց նստավայրը: Արագածի հարավային լանջերին է գտնվում 200 հա տարածք զբաղեցնող Ագարակի պեղավայրը, որտեղ ստեղծվել է պատմահնագիտական արգելոց: Պեղումներն շարունակվում են, գտածոներն ունեն 3500 տարվա պատմություն: Արագածից քիչ հեռու գտնվում է 4-րդ դարի Արշակունիների դամբարանն Աղցքում: Աշտարակի տարածաշրջանում զբոսաշրջային առումով մեծ հետաքրքրություն է առաջացնում Արուճը՝ Ս. Գրիգոր եկեղեցին (7-րդ դար), քարավանատունը (13-րդ դար), Մամիկոնյանների պալատը
Ագրոզբոսաշրջության առումով պատմամշակութային օջախները և հին գյուղերը կարող են դառնալ հայտնի կենտրոններ՝ Սաղմոսավանքը (Սաղմոսավան), Հովհաննավանքը (Օհանավան), Ղ. Փարպեցու գերեզմանը (Փարպի), Ս. Գևորգ եկեղեցին (Մուղնի), Մ. Մաշտող եկեղեցին (Օշական), Ծիրանավոր, Կարմրավոր,
Քասաղի կամուրջը, տուն-թանգարաններ (Պ.Պռոշյան, Սիսակյան): Թալինի տարածաշրջանում կարելի է առանձնացնել Թալինի, Իրինդի եկեղեցիները, Դաշտադեմի ամրոցը և Ապարանի տարածաշրջանում՝ Ապարանի, Քուչակի եկեղեցիները: Վերը նշված բնակավայրերը և ուրիշ շատերը կարող են դառնալ ագրոզբոսաշրջության խոշոր կենտրոններ, պայմանավորված իրենց գյուղատնտեսական ուղղվածությամբ, բարետես կառուցապատմամբ, պատմամշակութային արժեքներով: Ագրոզբոսաշրջային առումով մենք
առանձնացնում ենք նաև Արտաշավանից դեպի Ամբերդ և Արագած տանող ճանապարհի հատվածում լքված Նիգատուն և Լուսաղբյուր գյուղերը, որոնց շրջակայքն աչքի են ընկնում գեղատեսիլ բնությամբ, իսկ որոշ հեռավորության վրա՝ Երևան-Ապարան մայրուղու ձախ կողմում կառուցված հայկական տառերը և խաչը:
Ագրոզբոսաշրջությունն Արագածոտնի մարզի համար կարող է դառնալ մոտ ապագայում եկամտի հիմնական աղբյուրներից մեկը: Մարզի 117 գյուղական բնակավայրերից յուրաքանչյուրը որևէ ուղղվածությամբ կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոն, բայց արդեն երկուսում՝ Օշականում և Բյուրականում ստեղծվել և հաջողությամբ զարգանում է ագրոզբոսաշրջությունը: Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, բարեկարգ կառուցապատումը, ճանապարհային և սպասարկման ենթակառուցվածքները քաղաքի ձորը կից հյուրատներով ու սննդի օբյեկտներով, մշակույթի պալատը, պտղաբուծությունը, գինեգործությունը,
հյուրատուն-առանձնատները խթան են հանդիսանում Օշականը դառնալու զբոսաշրջային կենտրոն: Բյուրականում՝ պտղաբուծությունը, կաթնամթերքի արտադրությունը, առողջարար բնությունը, աստղադիտարանը, բարետես գյուղն իր առանձնատներով ևս ագրոզբոսաշրջության զարգացման հիմք կարող են հանդիսանալ: Բացի վերը նշված գյուղերից ագրոզբոսաշրջությամբ որոշակի ներդրումներից հետո, կարող են աչքի ընկնել Ակունքն իր (դամբարանադաշտով), Աշնակը (ավանդույթներով, խոհանոցով, պարի համույթով), Երնջատափը (սառնորակ աղբյուրներով, հանգստյան տներով), Թթու-ջուրը (հանքային ջրերով) և այլն:
Այսպիսով Արագածոտնի մարզում ագրոզբոսաշրջության զարգացման համարառկա են բոլոր պայմանները: Օժանդակող դեր կարող է հանդիսանալ մայրաքաղաքի հարևանությունը: Սակայն սպասարկման ենթակառուցվածքների ցածր մակարդակը, տեխնիկական վատ վիճակը, որոշ ենթակառուցվածքների բացակայությունը (ճոպանուղի, լեռնային բարեկարգ արահետներ, ցուցանակ-վահանակներ և այլն),
շահագրգիռ կազմակերպությունների բացակայությունը կամ անտարբերությունը բացասաբար են ազդում ագրոզբոսաշրջության զարգացման, արդյունքում էլ բնակչության սոցիալական մակարդակի բարձրացման և տնտեսության բարգավաճման վրա: